National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.11.2016
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Նոյեմբերի 17-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված հարցերը, այդ թվում 101 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջին ընթերցումով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը ներկայացրել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում կապահովվի քրեական գործերի միացման ինստիտուտի, հետեւաբար նաեւ նախաքննության իրականացման առավել արդյունավետ իրավակարգավորման մակարդակ: Նախատեսվում է դրույթ, որով քննիչը կարող է դատախազի որոշումները բողոքարկելու հնարավորություն ստանալ. այս փոփոխության արդյունքում ակնկալվում է հստակեցնել դատախազի եւ քննիչի փոխհարաբերությունները, ինչպես նաեւ ապահովել դատավարության այս սուբյեկտների գործառույթների հավասարակշռված իրացումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածում առաջարկվող իրավակարգավորումը հնարավորություն կտա հսկող դատախազին քննիչի կամ հետաքննության մարմնի պատճառաբանված միջնորդության հիման վրա երկարացնել հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման եւ լուծման ժամկետն այն բացառիկ դեպքերում, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը:

Բացի այդ, նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է նախաքննության ժամկետի երկարացման քրեադատավարական կառուցակարգի շրջանակներում կարգավորել դատավարական ժամկետների պահպանման հետ կապված առկա խնդիրները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այնուհետեւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Նա ներկայացրել է նախագծի հիմքում դրված հիմնարար սկզբունքները, որոնք են՝ նախատեսվող մակրոտնտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային ցուցանիշների նախագծումը, մակրոտնտեսական կայունության ապահովումը, հարկային եկամուտների հավաքագրման նպատակով տնտեսվարողների վրա լրացուցիչ քայլերի եւ ճնշումների բացառումը, պետության ստանձնած եւ շարունակական բնույթ ունեցող ծախսային պարտավորությունների կատարումը:

Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական շրջանակը՝ նշելով, որ 2017 թվականի համար կանխատեսվում է 3.2 տոկոս տնտեսական իրական աճ եւ դեֆլյատորի 1.7 տոկոս մակարդակ: Պարոն Արամյանը մանրամասնել է այն արտաքին եւ ներքին գործոնները, որոնք թույլ են տալիս ակնկալելու տնտեսական աճ: 2017 թվականին կանխատեսվում է արտահանման առաջանցիկ տեմպ ներմուծման աճի նկատմամբ:

2017 թվականին բյուջեի եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները ՀՆԱ-ի մեջ կլինեն 22.4 տոկոս, բյուջեի պակասուրդը կկազմի 150 մլրդ դրամ, 2017 թվականին եւս եկամուտների հիմնական մասը կկազմեն հարկային եկամուտները:

Այնուհետեւ նախարարը ներկայացրել է բյուջետային հատկացումները՝ ըստ ոլորտների:

ԱԺ պատգամավորները հարցուպատասխանի միջոցով փորձել են պարզել պետական պարտքի աճի տեմպերը, արտահանման ծավալներին, ծրագրով նախատեսված միջոցառումներին, պետական պարտքի չափին, նախատեսվող տնտեսական աճի ցուցանիշին, հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությանը, արդյունաբերության զարգացմանը, արտաքին քաղաքականությանը եւ այլն:

ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ տնտեսական աճը 2016 թվականի ընթացքում ձեւավորվել է համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերի պահպանման եւ ՀՀ տնտեսությունում արտահանելի հատվածի աճի պայմաններում: Ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում շարունակվել է թույլ ներքին պահանջարկի ձեւավորումը, որը դրսեւորվել է ինչպես մասնավոր սպառմանն ուղղված ծախսերի կրճատմամբ, այնպես էլ ներդրումային թույլ միջավայրի պահպանմամբ: Նախատեսվում է, որ 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացումը համախառն պահանջարկի վրա կունենա զսպող աղդեցություն, որի պարագայում 2017 թվականի տնտեսական աճի ապահովման հիմնական բեռը կընկնի լայնածավալ կառուցվածքային բարեփոխումների վրա: Այդ ամենը, ինչպես նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը կնպաստեն մակրոտնտեսական կայունությանը՝ կայուն հիմքեր ստեղծելով տնտեսական աճի համար երկարաժամկետ հատվածում:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա տեղեկացրել է, որ հաջորդ տարում պետական բյուջեի եկամտային մասը կկազմի 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, պակասուրդը՝ 150 մլրդ դրամ: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է ներմուծման եւ արտահանման ծավալներին եւ նշել, որ եկող տարում ակնկալվում է ներմուծման եւ արտահանման ծավալների աճ: Նախատեսվում է աճ մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացում, ՀՆԱ-ի իրական աճ՝ 3,2 տոկոս:

Որպես բյուջետային վարկ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությանը կհատկացնի 47,4 մլրդ դրամ:

Ամփոփելով ելույթը՝ Գագիկ Մինասյանը նշել է, որ առաջիկա տարվա ՀՀ պետական բյուջեի նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով պետության առջեւ ծառացած մարտահրավերները, այն նաեւ իրատեսական է եւ հավասարակշռված:

Նախագծի վերաբերյալ դրական էր նաեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մծտական հանձնաժողովի եզրակացությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները: Խոսրով Հարությունյանը նշել է, որ կառավարությունը նախագիծը մշակել է՝ հաշվի առնելով գալիք տարում նախատեսվող բարեփոխումները, որոնց արդյունքում կարող է էական աճ գրանցվել տարբեր ոլորտներում: Նա անհրաժեշտ է համարել առողջապահության ոլորտի բարեփոխումները եւ կարեւորել բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ նոյեմբերի 18-ի արտահերթ նիստում:

Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am